Արջերի կոստյումներով ուժայինները հունից հանել են Տիմոշենկոյի փաստաբանին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, ինչպես նաև նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Սերգեյ Վլասենկոն բողոքել է վերջին շրջանում իշխանությունների կողմից գործադրված ճնշումից, հայտնում է Газета-ն։
Քաղաքական գործչի խոսքով՝ փետրվարի 11-ին իր տան մոտ հայտնվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներ՝ արջերի կոստյումները հագած։ Վլասենկոն վստահ է, որ այդ «արջուկները» խիստ հսկողություն են իրականցնում իր նկատմամբ։
«Նման հոգեբանական ճնշման տարբերակով իշխանությունները ցույց են տալիս, որ բացեիբաց ծաղրում են Տիմոշենկոյի գլխավոր պաշտպանին»,-ասել է Վլասենկոն։
Բացի այդ նա հայտարարել է, որ իրեն թունավորելու մի քանի անհաջող փորձ է արվել, ինչի պատճառով Վլասենկոն այժմ օգտագործում է միայն իր իսկ կողմից պատրաստված սնունդը։ Իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ Վլասենկոն մեղադրել է նախագահի վարչակազմին, դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարությանը։










