Արաֆաթի այրին զղջում է իր ամուսնության համար. 100 անգամ փորձել է հեռանալ, սակայն...
Պաղեստինի ինքնավարության նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի այրին՝ Սուհա Արաֆաթը, թուրքական «Սաբահ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ զղջում է առաջնորդի հետ ամուսնության համար և չէր ամուսնանա նրա հետ, եթե իմանար, թե ինչ դժվարությունների է հանդիպելու, փոխանցում է Газета-ն։
«Իմ մանկությունն ու պատանեկությունը կյանքիս առաջին մասն էին։ Արաֆաթը դարձավ երկրորդը։ Մեր դուստրը հպարտ է կրել իր հոր անունը, սակայն դա շատ դժվար կյանք է։ Իմ կյանքը շատ ծանր է եղել։ Սակայն իմ կյանքն առանց նրա ավելի ծանր է։ Ես միշտ զգացել եմ, թե ինչպես եմ ականապատ դաշտով քայլում և չգիտեմ, թե երբ դրանցից մեկը կպայթի։ Մենք ամուսնացած ենք եղել 22 տարի, սակայն այնպիսի տպավորություն է, թե 50»,- պատմել է նա։
Սուհան 66-ամյա Արաֆաթի հետ ամուսնացել է 1990-ի հուլիսի 17-ին՝ իր ծննդյան 27-ամյակին։ Մինչ այդ նա նշանադրված է եղել ֆրանսիացի դիվանագետի հետ։ Պաղեստինի առաջնորդի կինը դառնալու համար քրիստոնյա աղջիկն իսլամ է ընդունել։ Նրանք գաղտնի ամուսնացել են Թունիսում, քանի որ աղջկա ընտանիքը դեմ է եղել նրանց ամուսնությանը։ Նրա խոսքով՝ «այժմ նա հասկանում է, թե ինչու»։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ես ողջ ժամանակ գտնվել են կողպված սենյակում։ Ես չեմ իմացել, թե ինչ կարելի է անել կամ խոսել։ Ինձ չի թույլատրվել խոսել հեռախոսով։ Տղամարդը, ով նման դիրք է զբաղեցնում, ունի շատ թշնամիներ, իսկ գլխավորը, իհարկե, Իսրայելն է»,- ասել է Արաֆաթի այրին։
Ըստ նրա՝ դա սարսափելի կյանք էր, և դա անարդար է։ «Ես գիտեմ, որ շատ կանայք կցանկանային ամուսնանալ Արաֆաթի հետ, սակայն դա իմ ճակատագիրն էր, և ես չէի կարող ոչինչ անել։ Ես 100 անգամ փորձել եմ հեռանալ նրանից, սակայն նա ինձ թույլ չի տվել»,- պատմել է Սուհան՝ հավելելով. «Ես սիրել եմ նրան»։
Արաֆաթը մահացել է 2004-ի դեկտեմբերին։ Շրջանառվում է այն վարկածը, որ նրան թույնել են։










