Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Եկատերինբուրգի քոլեջներից մեկը և պահանջում է 1 մլն դոլար
ՌԴ ոստիկանությունը Եկատերինբուրգի քոլեջներից մեկից տարհանել է շուրջ 600 մարդու այն բանից հետո, երբ անհայտ անձը հայտարարել է, որ կպայթեցնի այն, եթե իրեն մեկ միլիոն դոլար չվճարեն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ոստիկանություն է դիմել քոլեջի տնօրենը, քանի որ առավոտյան կարդացել է իր էլեկտրոնային փոստին ուղարկված սպառնալից հաղորդագրությունը։
Անհայտ անձը պահանջել է 1 մլն դոլար վճարել իրեն, հակառակ դեպքում՝ ինքը կպայթեցնի դպրոցի շենքը, որում, նամակի հեղինակի համաձայն, 200 կգ պայթուցիկ կա։
Նամակն ուղարկվել է դեռևս շաբաթ օրը, սակայն ոչ աշխատանքային օրերի պատճառով այն կարդացել են միայն այսօր։ Ոստիկանությունը տարհանել է ուսումնական հաստատության ուսանողներին և դասախոսներին և զննում է շենքն ու փորձում պարզել հաղորդագրության հեղինակին։










