Կարինե Ղազինյանը` «հայ Մարգարետ Թետչեր». բրիտանացի բլոգերի հուշերը` հայ անվանի դիվանագետի մասին
2012թ. դեկտեմբերին կյանքից հեռացավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Հայտնի դիվանագետի անժամանակ մահը (ծնվել է 1955թ.) ցնցել է ոչ միայն հայերին, այլև շատ ու շատ օտարերեկրացիների, որոնք ճանաչում էին Ղազինյանին: Բրիտանացի հայտնի բլոգեր, քաղաքական մեկնաբան, լրագրող Այըն Դեյլը, որը Ղազինյանին հանդիպել է 2009թ.ին Հայաստանում, երեկ իր բլոգում հուզիչ գրառում է թողել Ղազինյանի մահվան կապակցությամբ:
Տեքստը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Երբ մի քանի տարի առաջ Հայաստան էի այցելել (խոսքը` 2009թ-ի մասին է-Tert.am), հանդիպեցի մի պաշտոնյայի, որի անունը Կարինե Ղազինյան է: Այդ ժամանակ նա փոխարտգործնախարարի պաշտոն էր զբաղեցնում, և ինձ վրա մեծ տպավորություն գործեց: Ես վերադարձա հայրենիք և բլոգում հետևյալ գրառումն արեցի նրա մասին` «Ես պատիվ ունեցա բուռն ու հետաքրքիր զրույց ունենալ Հայաստանի փոխարտգործնախարի հետ, մի տիկնոջ, որի անունը Կարինե Ղազինյան է: Նա այդ պաշտոնը վեց ամիս էր, ինչ զբաղեցնում էր: Նախկինում եղել էր Ռումինիայում և Գերմանիայում Հայաստանի դեսպանը: Նա ամենայուրօրինակ դիվանագետն էր, որին ես երբևէ տեսել էի, մարդ, որը գնում էր Մարգարետ Թետչերի (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը, որը 20-րդ դ. աշխարհի ամենահայտնի ու ազդեցիկ կին քաղաքական գործիչներից էր, երկիրը կառավարել է 1979թ. մայիսի 4–ից մինչև 1990թ. նոյեմբերի 28–ը՝ ավելի քան 11 ու կես տարի-Tert.am) ճանապարհով: Նա նաև լավ կատակներ էր անում խորհրդային ժամանակաշրջանի վերաբերյալ. օրինակ մեկը` ասում էր, որ «թե ամերիկյան, թե խորհրդային սահմանադրություններն ապահովում են խոսքի ազատությունը: Սակայն տարբերությունն այն է, որ ԱՄՆ-ի սահմանադրությունը երաշխավորում է ազատություն նաև խոսելուց հետո...»:
Հետո 2011թ-ին նա նշանակվեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան և նպաստեց մեր երկու երկրների միջև հարաբերությունների վերափոխմանը:
Այսօր ես մի էլեկտրոնային նամակ ստացա իմ ընկերոջից` Դեն Հեմիլթոնից, որը ևս ճանաչում էր Կարինե Ղազինյանին: Դրանում ասված էր` «Ցանկանում եմ քեզ տեղյակ պահել, որ ինչպես դու էիր նկարագրում` «Հայ Մարգարիտ Թետչերը»` Կարինե Ղազինյանը, մահացել է...»:
Ամաչում եմ, որ նրա մահվան մասին ժամանակին չեմ իմացել, և դժվար է պատկերացնել, որ նրան այլևս չենք տեսնելու...»:










