Սիրիայի ընդդիմությունն Արաբական լիգայից պահանջում է իրենց տրամադրել Սիրիայի աթոռը
Սիրիայի ընդդիմությունը ցանկանում է Արաբական երկրների լիգայում և այլ միջազգային կառույցներում ստանալ Սիրիային պատկանող աթոռը, հայտարարել է Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Ֆարիդ Հիջաբը։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, նախկին վարչապետը երեկ հանդիպում է ունեցել ամենախոշոր արաբական կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի և Եգիպտոսի արտգործնախարար Մուհամմեդ Քամել Ամրի հետ։
«Ընդդիմությունը կարգավորման չի գնա, քանի դեռ այս իշխանությունը չի տապալվել։ Քաղաքական որոշում չի կարող լինել»,-ասել է նախկին վարչապետը՝ հայտարարելով, որ Իրանը հանդիսանում է Սիրիայի իշխանությունների գործընկերը՝ սիրիացի ժողովրդին վերացնելու հարցում։
Սիրիայի Արաբական Հանրապետության անդամակցությունն Արաբական երկրների լիգային դադարեցվել էր 2011թ.-ին՝ երկրում տիրող իրադարձությունների պատճառով։
Խոսելով Դամասկոսում հնարավոր բանակցությունների մասին՝ Հիջաբը հայտարարել է, թե որևէ երկխոսություն չի ստացվի՝ առանց արաբական և միջազգային հանրությունների երաշխիքների, որ ռեժիմը հեռանալու է։
«Ես պահանջում եմ Արաբական երկրների լիգայից, միջազգային հանրությունից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և Գլխավոր ասամբլեայից երաշխավորել սիրիացի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը»,-ասել է Հիջաբը։
Նախկին վարչապետը, ով օգոստոսին փախել էր Հորդանան, նշել է, որ «անցումային կառավարությունը պետք է տեղակայվի ազատագրված տարածքներում», սակայն դեռևս երաշխիքներ չկան, որ դրանք կարող են ենթարկվել ռմբակոծության։










