Ժիրինովսկին իր գլխավորած կուսակցությունը «կմաքրի» ծխողներից

12:34 • 12.02.13

ՌԴ Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ ծխելու համընդհանուր արգելք պետք է սահմանել և թույլատրել ծխել միայն մեքենայի մեջ և հենց ծխողի տանը։

 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այսօր Պետդուման մտադիր է երրորդ ընթերցմամբ քննարկել «հակածխախոտային» օրինագիծը։

 

«Մենք անպայման կսատարենք այն, սակայն օրենքը շատ թույլ է։ Չկան ուղիղ գործողությունների նորմեր, ընդհանուր դիտարկումներ են։ Հետո պետք է նաև մի քանի ենթաօրենսդրական ակտեր ընդունել։ Սա արվում է պարզապես ինչ-որ բան արած լինելու համար»,-ասել է Ժիրինովսկին։

Նա հայտարարել է,  որ օրենքում պետք է ընդհանուր արգելք սահմանվեր ամեն տեղ ծխելու դեմ, բացի ծխողի սեփական տնից և մեքենայից։

«Մեքենա ես նստում, թունավորի՛ր քեզ, տուն ես հասնում՝ թունավորի՛ր քեզ»,-ասել է քաղաքական գործիչը։

 

Նա հիշել է մանկությունը, երբ «քայքայված առողջությամբ» երեխա է եղել և ստիպված է եղել շնչել հարևանի կամ խորթ հոր ծխած ծխախոտի ծուխը։

«Ողջ տունը ծխի մեջ էր։ Դա ծաղրանք է, դրա համար էլ պետք է ամենավճռական պայքարը մղել»,-ասել է Ժիրինովսկին։
 

Նա խոստացել է իր գլխավորած կուսակցության շարքերը «մաքրել» բոլոր ծխողներից։