Լիբիան ժամանակավորապես կփակի Եգիպտոսի և Թունիսի հետ սահմանը
Լիբիայի իշխանությունները անվտանգության նկատառումներով որոշել են փակել Եգիպտոսի և Թունիսի հետ սահմանը՝ պայմանավորված հեղափոխության երկրորդ տարեդարձով, երբ տապալվեց այդ ժամանակվա նախագահ Մուամմար Կադաֆիի ռեժիմը։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ սահմանը փակ կլինի 5 օր։
«Փետրվարի 14-18-ն ընկած ժամանակահատվածում ոչ ոք չի կարող հատել Լիբիա-Եգիպտոս, Լիբիա-Թունիս սահմանները»,- ասել է Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը։
Աղմկոտ տոնակատարությունները, ենթադրաբար, կսկսվեն փետրվարի 15-ին և կուլմինացիային կհասնեն փետրվարի 17-ին։
2011թ.-ի այդ օրը երկրի արևելքում սկսվել էր զինված դիմադրություն, որը հետագայում տարածվել էր ողջ երկրում՝ հանգեցնելով գեներալ Կադաֆիի ռեժիմի տապալմանը։
Տոնի կապակցությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվելու Լիբիայի երկու խոշոր քաղաքներում՝ Տրիպոլիում և Բենգազիում։ Զեյդանը խոստացել է նաև հատուկ ուշադրություն դարձնել օդանավակայանների անվտանգությանը։










