Մեղրիում 34-ամյա տղամարդը ծեծել է նախկին աներոջն ու կնոջը, առևանգել վերջինիս հեռախոսը
Ոոստիկանության Մեղրիի բաժնում Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի մի բնակչից փետրվարի 10-ին՝ ժամը 04.50-ին, ահազանգ է ստացվել, որ նախկին փեսան` 1979 թ. ծնված Տիգրան Գ.-ն, նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, մտել է տուն, ծեծի է ենթարկել իրեն և դստերը ու հափշտակելով վերջինիս բջջային հեռախոսը` դիմել է փախուստի:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում Տիգրան Գ.-ն ցանկապատի վրայից մտել է Լեհվազ գյուղի հիշյալ բնակչի տուն և նախկին կնոջ ննջասենյակում խանգարել է նրա հանգիստը, քաշքշել և բռնի կերպով ձեռքից հափշտակել «Նոկիա Աշա-305» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի, որից հետո կնոջ հայրը զանգահարել է Տիգրան Գ.-ին և պահանջել վերադարձնել հեռախոսը:
Նույն օրը, ժամը 04.45-ին, Տիգրան Գ.-ն վերադարձել է նշված տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, բռունցքով հարվածներ է հասցրել նրա դեմքին և պատճառել վնասվածքներ:
Տիգրան Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հիշյալ բջջային հեռախոսը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:










