Օբամայի իդեալիզմը կհանգեցնի սպառազինությունների նոր միցավազքի և միջուկային զենքի տարածման
Չինաստանի միջուկային սպառազինությունն անհանգստացնում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև ՌԴ-ին, գրում է The Wall Street Journal-ի սյունակագիր Բրեդ Սթիվենսը:
Ռուսաստանի Հրթիռային զորքերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Վիկտոր Եսինի գնահատականով, Չինաստանի տրամադրության տակ առկա է մոտ 1600-1800 միջուկային մարտագլխիկ:
Այդ ֆոնին Սպիտակ տունը նախատեսում է ոչ միայն կրճատել իր սպառազինությունը մինչև 1000 մարտագլխիկ, այլ նաև կրճատել ամբողջ միջուկային համակարգի ենթակառուցվածքների ֆինանսավորումը: Բարաք Օբաման արդեն ստացել է Հանրապետական 13 սենատորների աջակցությունը ՍՆՎ-3 պայմանագիրը վավերացնելու համար:
Այն դեպքում, գրում է Սթիվենսը, երբ նախագահը մտադիր է կրճատում իրականացնել նույնիսկ միակողմանի կերպով կամ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական համաձայնության պարագայում:
Հոդվածագրի կարծիքով, հենց դա էլ նկատի ուներ ամերիկյան առաջնորդը, երբ խոստանում էր «առավել մեծ ճկունություն» ընտրություններից հետո:
Սակայն ներկա իրավիճակում պետք է հաշվի առնել նաև Չինաստանի միջուկային պոտենցիալը:
Վերջերս այդ երկիրը հաջողությամբ փորձարկեց անհատական ուղղորդման համակարգով բալիստիկ հրթիռները: Եվ այդ փաստը մեծ մտավախություն է առաջացնում գեներալ Եսինի մոտ: «Եթե Չինաստանը կանգ չառնի, ապա Ռուսաստանը կսկսի խոսել միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից դուրս գալու մասին», - նշել է գեներալը:
Եսինի մեջբերած պայմանագիրը կնքվել է 1987թ. Ռեյգանի և Գորբաչովի միջև: Եթե ՌԴ-ն այն չեղյալ համարի և սկսի նոր սերնդի հրթիռներ արտադրել, ապա ԱՄՆ-ն ստիպված կլինի նույնը անել: Եվ այդ պարագայում սպառազինությունների նոր մրցավազքը անխուսափելի է: Եվ այս անգամ արդեն ոչ միայն Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև, գրում է The Wall Street Journal-ը:
Հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի միջուկային նկրտումները և սպառնալիքը, նրա հարավային հարևանը պատրաստվում է պլուտոնիումի մշակում սկսել, իբրև խաղաղ նպատակներով: Սակայն լրագրողը վստահ է, որ խոսքը գնում է ռազմական տեխնոլոգիաների մշակման մասին:
Ճապոնիան ևս մտադիր չէ «ձեռքերը ծալած նստել» և պատրաստվում է վերսկսել միջուկային վառելիքի ռեգեներացիայի աշխատանքները:
The Wall Street Journal-ի սյունակագիրը գրում է, որ վերջին 70 տարիների ընթացքում այդ երկու երկրները գտնվում էին ԱՄՆ-ի միջուկային վահանի ծածկի տակ: Սակայն այժմ, հաշվի առնելով ամերիկյան նախագահի մտադրությունները, նրանց, ըստ ամենայնի, անհրաժեշտ կլինի հոգ տանել սեփական միջուկային անվտանգության մասին:
«Բարաք Օբաման հաճախ նշում է, որ կցանկանար ապրել առանց միջուկային զենքի աշխարհում: Իսկ ո՞վ չէր ցանկանա… Սակայն այժմ խոսք չի գնում շատ կամ քիչ մարտագլխիկների միջև ընտրության մասին: Այժմ հարցը այսպիսին է. կամ ԱՄՆ-ն կունենա ավելի քիչ միջուկային զենք, և այդ ժամանակ աշխարհում ավելի շատ միջուկային սպառազինությամբ տերություններ կհայտնվեն, կամ հակառակը: Եվ իր իդեալիզմով ԱՄՆ նախագահ ճանապարհ է հարթում դեպի մի աշխարհ, որում միջուկային զենք ավելի շատ կլինի», - եզրահանգում է Բրեդ Սթիվենսը:










