Բենեդիկտոս 16-րդ պապը հանգստի անցնելուց հետո կբնակվի կանանց մենաստանում
Սուրբ Աթոռից հրաժարարվելուց հետո Բենեդիկտոս 16-րդը որոշ ժամանակ կանցկացնի Կաստել-Գոնդոլֆո ամառային նստավայրում, իսկ դրանից հետո մենաստանում, այս մասին լրագրողներին հայտնել է Սուրբ Աթոռի տեղեկատվական ծառայության ղեկավար հոգևորական Ֆեդերիկո Լոմբարդին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Հովվապետը կմեկնի Վատիկանյան բլրի կանանց մենաստան, սակայն անապատական կյանքով չի ապրի: Ազատությունից կօգտվի, չնայած, իհարկե, այդ իրավիճակը արտառոց է, տեսնենք, թե ինչպես նա կապրի», - ասել է Լոմբարդին:
Լոմբարդիի խոսքով, պապը վերջին շրջանում «հաճախ է խոսում այն մասին, որ կցանկանար ավելի շատ ժամանակ տրամադրել աղոթքին, մտորումներին և, հնարավոր է, գրքեր գրելուն», հաղորդում է Интерфакс-ը:
Տեղեկատվական ծառայության ղեկավարը նաև նշել է, որ 85-ամյա հովվապետը որոշել է հրաժարվել աթոռից, քանի որ, վերջին շրջանում սկսել էր աշխատանքից չափազանց հոգնել: «Մենք նկատում էիք, որ նա շատ է հոգնում», - ասել է Լոմբարդին:
«Դա նրա անձնական որոշումն էր: Նա այն ինքնուրույն է կայացրել, և նման քայլը պետք է հարգել»,- ասել է Վատիկանի խոսնակը:
Նրա հրաժարականի որոշումը, հայտարարել է Լոմբարդին, պայմանավորված չէ Հռոմի-կաթոլիկ եկեղեցու ներսում ինչ- որ խմորումներով: Նա հայտնել է, որ Բենեդիկտոս 16-րդ պապը հստակ գիտակցում է, որ աթոռից հրաժարվել է կաթոլիկների համար դժվարին պահին:










