Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրն առավել իրատեսական է. Թաթուլ Մանասերյան

12:14 • 12.02.13

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն իրատեսական է համարում ՀՀ նախագահի թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը։ 


«Տնտեսական առմամբ իր ծրագիրն ինձ շատ ավելի իրատեսական է թվում, և ցանկալի կլիներ, որ ընդդիմադիր թեկնածուները համախմբվեին իր ծրագրի շուրջ»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ խոսելով նախագահի թեկնածուների տնտեսական ծրագրերի մասին։


Նրա խոսքով՝ ութ թեկնածուներից միայն երեքի մոտ է ներկայացված ոչ թե տնտեսական, այլ, առհասարակ, նախընտրական ծրագիր, այդ երեքի մոտ ասելիքը հստակ է, նրանք բոլորն էլ հատուկ ուշադրություն են բևեռել սոցիալական խնդիրների վրա, և այդ մտահոգությունը գնահատելի է, միայն թե պետք է տեսնել, թե որքանով է այդ ամենն իրատեսական։


«Գյուղի և գյուղատնտեսության մասով կան կետեր, որոնք կարևոր են, որովհետև մենք լուրջ խնդիրներ ունենք այդ առումով։ Ստվերային տնտեսության անդրադարձն առավել ցցուն երևում է Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերում, հարկային և մաքսային քաղաքականության վերաբերյալ, մասնավորապես, Բագրատյանի ծրագրում կան մատնանշված կետեր, իսկ նախագահի ծրագրում հիմնականում մատնանշված են թիրախներ, Ր. Հովհաննիսյանի մոտ էլ ավելի ամփոփ է տրված, բայց կան նաև թվեր»,– ասաց նա՝ հավելելով, որ ծրագրերում կան նաև բավական հակասական դրույթներ։


Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ առավել ծավալուն է Հրանտ Բագրատյանի ծրագիրը, որտեղ մի շարք կետերում դրամի կայունության, վարկերի, ավանդների վերաբերյալ 66–րդ կետն ուղղակի հակասում է 58–րդ կետին։ «Պետք է հստակեցնել՝ կա՛մ պետք է նշվի դրամի ուժեղացում, կա՛մ թուլացում»,– ասաց նա։


Անդրադառնալով գործող նախագահի նոր խոստումներին՝ տնտեսագետը նշեց, որ 2008–ի ծրագիրը կարևոր էր, բայց այն կյանքի չկոչվեց, քանի որ արհեստավարժության և պատասխանատվության պակաս կար։


«Ես չեմ ուզում Կառավարությունում տեսնել մարկանց, ովքեր չեն կիսում պատասխանատվությունը, և մինչև ձախողողների հանդեպ պատժամիջոցներ չկիրառվեն, խնդիրները չեն լուծվի»,– ասաց Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ կան նաև օբյեկտիվ խնդիրներ, որոնք պայմանավորված են եղել նրանով, որ ճիշտ չի գնահատվել ճգնաժամը։