Ասանժն Ավստրալիայի ընտրական հանձնաժողով Սենատի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

14:15 • 13.02.13

Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ևս 1 կարևոր քայլ է արել այս տարվա սեպտեմբերին կայանալիք Ավստրալիայի Սենատի ընտրություններին մասնակցելու համար։ Ինչպես հայտնում է ИТАР- ТАСС-ը, Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ընտրական հանձնաժողովն Ասանժի կողմից ստորագրված հայտ է ստացել, որտեղ նա խնդրում է իրեն գրանցել որպես թեկնածու։

 

Բացի այդ, հայտնի է դարձել, որ մոտ ապագայում տեղի է ունենալու «WikiLeaks» կուսակցության ազգային խորհրդի նիստը, որում կքննարկվի դրա՝ որպես Ավստրալիայի նոր քաղաքական կուսակցության գրանցման հարցը։ Որպեսզի գրանցումը տեղի ունենա, անհրաժեշտ է առնվազն 500 գրանցված ընտրող, ովքեր պատրաստակամություն կհայտնեն անդամակցել այդ կուսակցությանը։

 

Այս կապակցությամբ Ասանժը նշել է, որ որևէ խոչընդոտ չի լինի, քանի որ արժանապատիվ մարդկանց մեծ մասը պատրաստակամություն է  հայտնել աջակցել իրենց կուսակցությանը։

 

Ներկայում Ասանժը բնակվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրա դեմ սեռական ոտնձգությունների իրականացման մեղադրանք է առաջադրվել։