Բենեդիկտոս 16-րդը խնդրել է հավատացյալներին այս դժվարին օրերին աղոթել իր համար

15:58 • 13.02.13

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, դիմելով հավատացյալներին, կոչ է արել նրանց այս դժվարին օրերին աղոթել իր համար՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ ոչ թե մարդը, այլ Աստված է որոշում կյանքի ուղին։

 

Ինչպես հայտնում է ИТАР ТАСС-ը, սա Յոզեֆ Ռատցինգերի առաջին հայտնությունն է հասարակության մեջ՝ Պապական գահից հրաժարվելու մասին սկանդալային հայտարարությունից հետո։ 85-ամյա պոնտիֆիկոսն աստվածային քարոզը կարդացել է հանգիստ և անհողդողդ ձայնով, սակայն խոսել է իտալերենով՝ այն համեմելով գերմանական շեշտադրությամբ։

 

«Այս օրերին ես ֆիզիկապես զգացի Ձեր սերը։ Շարունակե՛ք աղոթել իմ, եկեղեցու, ապագա Պապի համար, և թո՛ղ Ձեզ բոլորիդ ուղղորդի Աստված»,-ասել է Բենեդիկտոս 16-րդը։

 

Ակնկալվում է, որ այսօր կարող են հնչել պոնտիֆիկոսի ևս մի քանի հայտարարություններ, քանի որ այս երեկո Պապը Սբ Պողոս տաճարում կմատուցի իր վերջին պատարագը։ Այսօր առավոտից տաճարի դիմացի հրապարակը լեփ-լեցուն է հավատացյալներով ու զբոսաշրջիկներով, ովքեր հետևում են Յոզեֆ Ռատցինգերի՝ Հռոմի պապի պաշտոնում վերջին գործողություններին։