Ջոն Քերին կայցելի Թուրքիա. այցի ժամկետը դեռ չի հստակեցվել

14:50 • 13.02.13

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այցելելու է Թուրքիա, տեղեկացնում է CNNturk-ը։

 

Քուվեյթի փոխվարչապետ և արտգործնախարար շեյխ Սաբահ Հալիլ ալ-Հալիդ ալ-Համադի հետ հանդիպման ընթացքում թուրք արտգործնախարարն անդրադարձել է Քերիի՝ Թուրքիա հնարավոր այցին։

 

Դավութօղլուն նշել է, որ Քերին պաշտոնավարման առաջին օրը զանգահարել է իրեն, և իրենք երկար հեռախոսազրույց են ունեցել։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ցանկանում է այցելել Թուրքիա։

«Այսօր մեր թիմերն աշխատում են այդ այցի իրականացման շուրջ։ Այցը տեղի է ունենալու»,-ասել է Դավութօղլուն, սակայն հնարավոր ժամկետների մասին տեղեկություններ չի հաղորդել։

 

«Պարոն Քերին Թուրքիա այցելելու է առաջին պաշտոնական արտասահմանյան այցի շրջանակներում։ Սակայն ժամկետները հայտնի կլինեն առաջիկայում»,-ասել է Դավութօղլուն։