Անդրիաս Ղուկասյանի մոտ կհերթապահեն վերակենդանացման մասնագետները
ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, մտահոգված լինելով արդեն 24-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով, այսօր կրկին այցելել է նրան, իսկ այցից հետո որոշում կայացրել, որ նախագահի թեկնածու մոտ կհերթապահեն վերակենդանացման մասնագետները։
Ըստ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ հետաքրքրվելով ՀՀ նախագահի թեկնածուի ինքնազգացողությամբ` նախարարը տեղեկացրել է, որ հացադուլի այս փուլում յուրաքանչյուր պահի նրա օրգանիզմում կարող են անդառնալի փոփոխություններ լինել` անցանկալի, ծանր հետևանքներով։
Այցից հետո նախարար Դումանյանի մոտ կայացել է խորհրդակցություն` առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Գնահատելով ունեցած նվազագույն օբյեկտիվ և սուբյեկտիվ տվյալները, ինչպես նաև քննարկելով 24 օր հացադուլում գտնվող մարդու օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին բժշկական գրականությունում նկարագրված իրավիճակները, մասնագետներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունը հայտնեցին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հնարավոր վատթարագույն զարգացումների կապակցությամբ։
«Խորհրդակցությունից հետո ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը որոշում է կայացրել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի վայրում շուրջօրյա բժշկական հսկողությունն իրականացնել շտապօգնության ռեանիմատոլոգների ուժերով` վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում` ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել։
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը, ինչպես նաև պնդում է, որ կանխատեսելի բարդություններից ու անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում իրականացնել լաբորատոր-գործիքային հետազոտություն։
Առաջարկվում է նախագահի թեկնածուի ցանկացած անձանց ուղեկցությամբ, իրենց կողմից ընտրված բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում, հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտա մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա այս պահի առողջական վիճակի վերաբերյալ»,– ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ թեկնածուի վիճակը՝ որպես հացադուլավորի, իրենց բժիշկները նորմալ են գնահատում, սակայն «Շտապ բուժօգնության» տրամադրած բժիշկները փորձում են վիճակն ավելի ծանրացնել:
«Վերջին անալիզների արդյունքները եղել են երկու տարբերակով. նախարարությունը հայտարարել էր, որ անալիզների մեջ կան շեղումներ, իսկ մեր բժիշկների օրինակում նման բան չի եղել»,- ասել էր նա՝ ընդգծելով, որ բժիշկների արձանագրած արդյունքներում տատանումներ կան, ինչը ստիպում է իրենց չվստահել «Շտապ բուժօգնության» բժիշկներին:
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրվանից՝ հունվարի 21-ից, դիմել է հացադուլի և պահանջում է, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ համարի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը։ Նա նաև պահանջում է, որ միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից։










