Ոստիկանությունում հանդիպում է տեղի ունեցել IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Ոստիկանությունում ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լիարժեքության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էջվորսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները:
Հանդիպման մասնակիցներն ամփոփել են Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի մատչելիության, ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման ուղությամբ արված աշխատանքները, այդ ուղղությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան չափորոշիչներ կիրառելու և հետագա համագործակցության ձևաչափերը:
Կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս և հետագա քայլերի պատրաստակամություն հայտնել:










