Հռոմի պապի՝ գահից հրաժարվելը կանխագուշակել են արվեստագետները

14:59 • 13.02.13

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ պապական գահը լքելու մասին կանխագուշակություն է հայտնվել գերմանական «Karicartoon 2013» օրացույցում, հայտնում է Взгляд-ը։

 

«Տարի՞ք, գործա՞րք, կամ որևէ այլ բա՞ն։ Պապի՝ գահից հանկարծակի հրաժարվելը փակուղում է թողել միլիոնավոր մարդկանց։ Եվ միայն Բեռլինի ոչ մեծ հրատարակությունն է, հավանաբար, զգացել այն»,- գրում է գերմանական Bild-ը։

 

Բանն այն է, որ օրացույցում 2013-ի փետրվարի 10-ի ներքո տեղադրվել է մի հետաքրքիր ծաղրանկար, ի դեպ՝ մինչ պոնտիֆիկոսի հրաժարականը։

Սուրբ հայրը նստած է բազմոցին և հեռուստացույցով դիտում է վիճակախաղի շահած կտրոնի արդյունքները։ Այնուհետ տեսնելով, որ հաղթել է՝ բացականչում է. «Աստվա՛ծ իմ։ Վաղը ես հրաժարական կտամ»։

 

Հայտնի է, որ այդ ծաղրանկարը գերմանուհի արվեստագետ Կատերին Գրևի աշխատանքն է, որն արվել է դեռևս 2011-ին, այնուհետ նկարը երկար ժամանակ մնացել է ինչ-որ տեղ, իսկ մի օր էլ հայտնվել օրացույցում՝ 2013-ի փետրվարի 10 ամսաթվի ներքո։


Հաղորդվում է, որ օրացույցի խմբագիր Յուրգեն Հոլֆրեդերը, երբ պարզել է այդ ամենը, իրական ցնցում է ապրել։

«Ես օրացույց եմ պատրաստում արդեն 30 տարի։ Եղել են մի քանի զուգադիպություններ։ Սակայն նման բան չէր եղել»,- խոստովանել է նա։

 

Հիշեցնենք, որ Բենեդիկտոս 16-րդը գահից հրաժարվելու մասին հայտարարել էր փետրվարի 11-ին։