Կատարը Սիրիայի դեսպանատան շենքը տրամադրել է ընդդիմությանը

16:25 • 13.02.13

Կատարը որոշում է կայացրել Դոհայում Սիրիայի դեսպանատան շենքը Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիային փոխանցելու մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Կատարում Սիրիայի դեսպան է նշանակվելու կոալիցիայի ներկայացուցիչ Նիզար ալ-Հարաքին։


«Շենքի վրա բարձրացվելու է հեղափոխության դրոշը, երբ ալ-Հարաքին և ևս երկու նոր աշխատակիցներ դիվանագիտական կարգավիճակ ստանան»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

 

Ընդդիմադիր կոալիցիան կարծում է, որ Կատարի այդ քայլը դրական նախադեպ կդառնա։ «Կատարը կդառնա առաջին պետությունը, որն Ազգային կոալիցիայի իրավական կարգավիճակը կճանաչի»,-ասված է ընդդիմության տարածած փաստաթղթում։

 

Ընդդիմադիր դիվանագետները մտադիր են առաջիկա օրերին սկսել զբաղվել սիրիական սփյուռքի հարցերով։ Առաջին հերթին՝ անձնագրեր տրամադրելով այն սիրիացիներին, ովքեր հնարավորություն չունեն հայրենիք վերադառնալու։