Տավուշի գյուղերում հակառակորդը երեկ ցերեկվանից մինչև կեսգիշեր կրակել է բնակելի տների վրա, գործել են նաև դիպուկահարներ

10:55 • 13.02.13

Երեկ կեսօրին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տների ուղղությամբ հակառակորդի կողմից մերթընդմերթ կրակ է արձակվել, և կրակողների մեջ եղել է նաև դիպուկահար: Tert.am-ին այս մասին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

 

«Զենքի տեսակներից հասկանում ենք, պայթած գնդակից, սկզբից կրակել են մեքենայի վրա, հետո դարպասին ա կպել, հետո՝ գազատարին»,- ասաց գյուղապետը, ով ևս մասնակցել է արցախյան պատերազմին:


Նրա տեղեկացմամբ՝ երեկ կեսօրին սկսված կրակոցները գիշերը չեն շարունակվել և առավել շատ կրակել են Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ: Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության լրագրող Արտակ Հերիքյանը »Ֆեյսբուքում» տեղեկացրել էր, որ Չինարիից իրեն զանգած մորաքույրը տեղեկացրել էր, որ գյուղացիները տագնապած մտել են գետնահարկի ապաստարանները:


Գյուղապետը լուրը մասամբ հաստատեց՝ ասելով, որ մտել են ավելի ապահով տներ:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը պատմեց, որ երեկ առավոտյան իննից, ամեն կես ժամը մեկ «հատիկ-հատիկ կրակել են» գյուղի բոլոր բնակելի տների կտուրներին, ճանապարհի վրա, իսկ կեսգիշերից հետո՝ ժամը մեկ պարբերականությամբ:


«Ժամը 18:00-ի կողմերը արդեն սկսեցին խոշոր տրամաչափի զենքերով կրակել. «Դե Շե Կա», «Կա Պե Վե Տե»: Սաղ գիշեր հերթապահել ենք»,- ասաց գյուղապետը:


Նրա խոսքով՝ բնակելի տների ուղղությամբ կրակողները ևս եղել են դիպուկահարներ: Այգեպարի մանկապարտեզը գյուղապետի խոսքով՝ ֆինանսական պատճառներով չի գործում, բայց մարտի 1-ից գործելու է:


Ինչ վերաբերում է դպրոցին, ապա այսօր այգեպարցի երեխաները դասի գնացել են:
Հիշեցնենք, որ մամուլը գրեց, որ օրերս ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցի հետևանքով զոհված մովսեսցի զինծառայողի հուղարկավորությանը մարդիկ խուսափել են մասնակցել՝ վախենալով հնարավոր կրակոցներից:


Պատասխանելով, թե Այգեպարում ևս նման դեպքեր լինում են, Անդրանիկ Այդինյանը նշեց, որ Մովսեսի գերազմանոցը գտնվում է ուղիղ ադրբեջանական դիրքերի դիմաց, դրա համար էլ թաղումները Մովսեսում խնդիր են դառնում:


Այգեպարի գյուղապետը մի քանի ամիս շարունակ խնդրում է, որ գյուղին տրամադրվեն կրակմարիչներ, բայց ապարդյուն: «Ամեն տեղ դիմել եմ, բայց արձագանք չկա։ Որովհետև, որտեղ որ խփում ա, մի մետր տրամագծով բոց ա լինում, ու էդ բոցը որ տանիքին կպնի, հաստատ կվառվի»,- ասաց գյուղապետը: