Մեքսիկայում հուղարկավորվել է «աշխարհի ամենատգեղ կինը», ով մահացել էր 153 տարի առաջ (լուսանկարներ)
Յուլիա (Խուլիա) Պաստրանայի մասունքները, որոնք 19-րդ դարում ցուցադրում էին տարբեր երկրներում շարժական ցուցահանդեսների ժամանակ որպես «ամենատգեղ կինն աշխարհում», նրա հայրենի Մեքսիկայում հանձնվել են հողին՝ մահից 153 տարի անց, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Կնոջ դեմքը և ամբողջ մարմինը պատված է եղել սև մազերով։ Ըստ ժամանակակիցների նկարագրության՝ չափազանց շատ մազակալությունը, ծնոտի պաթոլոգիան և 138 սմ հասակը նրան դարձնում էին գորիլայի նման։ Տարօրինակ արտաքինի համար նրան կոչում էին «կին-կապիկ» և «կին-արջ»։
Յուլիա Պաստրանայի կենսագրությունից հայտնի է, որ երիտասարդ տարիքում նա սպասուհի է աշխատել, իսկ 1854թ. Ռայթս անունով մի ամերիկացի նրան համոզել է մեկնել ԱՄՆ և գումար վաստակել՝ հանդես գալով Նյու Յորքում անցկացվող տգեղների շոում։ Որոշ ժամանակ անց կնոջը գնել է Թեոդոր Լենտ անունով մի գործարար։ Երբ նա սովորել է պարել և երգել երեք լեզուներով, Լենտը նրան վերցրել է միջազգային շրջագայության՝ այլ բեղավոր և մազակալած կանանց հետ։
1857թ. Լենտն ամուսնացել է Յուլիայի հետ և շոուի մյուս մասնակիցների հետ միասին տեղափոխվել Ռուսաստան, որտեղ էլ Պաստրանան հղիացել է և 1860թ. ծննդաբերել երեխայի՝ ինչպես և մայրը՝ ամբողջովին պատված մազերով։ Սակայն երեխան ապրել է ընդամենը 3 օր, իսկ 5 օր անց մահացել է նաև Յուլիան։
Թեոդոր Լենտը խնդրել է Մոսկվայի համալսարանի պրոֆեսորներից մեկին զմռսել կնոջը և երեխային, և նրանց մասունքները տեղադրել է ապակե պահարանում՝ ցուցահանդեսների ժամանակ ցուցադրելու համար։
Սինալոա նահանգի նահանգապետ Մարիո Լոպես Վալդեսը հուղարկավորության արարողության ժամանակ Պաստրանայի մասունքների վերադարձը հայրենիք անվանել է «արդարության ակտ»։ «Պատկերացրե´ք, թե ինչպիսի ագրեսիայի և դաժանության հետ է նա բախվել, և ինչպիսի հպարտությամբ և արժանապատվությամբ է հաղթահարել դա»,- ասել է Լոպեսը։










