Վաշինգտոնը Բաքվին կոչ է արել հարգել խոսքի ազատության իրավունքն ու ապահովել գրող Այլիսլիի անվտանգությունը

11:54 • 14.02.13

Վաշինգտոնը Բաքվին կոչ է արել հարգել խոսքի ազատության իրավունքն ու ապահովել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի անվտանգությունը: 

 

 

Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից, կառույցի մամուլի խոսնակ Վիկտորյա Նուլանդը փետրվարի 13-ի ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Աքրամ Այլիսլիիի դեմ սկսված արշավին ու նշել, որ իրենք «ուշադիր հետևում են գրողի հետ կապված դեպքերի զարգացմանը»:

 

Հիշեցնենք, որ Այլիսլիի դեմ 2013թ. հունվարից Ադրբեջանում բողոքարշավ է իրականցվում, որն ուղեկցվում է սպառնալիքներով և  հալածանքներով: Պատճառը` գրողի «Քարե երազներ» վեպն է, որը  լույս է տեսել 2012թ. դեկտեմբերին և նվիրված է Ադրբեջանի ԽՍՀ-ում ապրած հայերին: Վեպի գլխավոր հերոսը Բաքվում բնակվող ագուլիսցի ադրբեջանցի է, որը Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ջարդերի ժամանակ (1980-ականների վերջ, 90-ականների սկիզբ) փորձում է օգնել հայերին:

 

 

Վեպի պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրեր առաջ գրողին զրկեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և անվանական թոշակից: Իսկ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը 10 հազ. մանաթ (մոտ 13 հազ. ամերիկյան դոլար- Tert.am) պարգևավճար սահմանեց`  Աքրամ Այլիիսլիի ականջը կտրելու համար: Ադրբեջանցի իրավապահները զազրելի այդ հայտարարությանն արձագանքեցին երեք օր անց միայն, երբ կուսակցապետն արդեն չեղյալ էր հայտարարել գրողի ականջը կտրելու մասին որոշումը: Հաջիևը հարցաքննության էր կանչվել, քիչ անց ազատ արձակվել:

 

 

«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը,-հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նուլանդն ու հավելել,-Լսել ենք, որ «Ժամանակակից մուսավաթ» կուսակցությունը չեղյալ է հայտարարել (ականջը կտրելու մասին) որոշումը և կուսակցության առաջնորդը հարցաքննության է կանչվել, ինչը ճիշտ որոշում է:

 

Մենք պաշտպանում ենք խոսքի և մտքի ազատության իրավուքն և Ադրբեջանի իշխանություններին վճռականորեն կոչ ենք անում կատարել պրն Այլիսլիի և երկրի քաղաքացիների անվտագությունն ապահավելու պարտականությունը ու պաշտպանել նրանց»: