Նախկին բանտարկյալը վրացական բանտի սկանդալային կադրերի հեղինակին մեղադրում է իրեն բռնաբարելու համար

14:58 • 14.02.13

Վրաստանի նախկին բանտարկյալը հայտարարել է, որ Գլդանիի բանտում իրեն բռնաբարել է հենց բանտային սկանդալային կադրերի հեղինակ Լադո Բեդուկաձեն։ Ինչպես հայտնում է apsny.ge-ն, այդ մասին 21-ամյա նախկին դատապարտյալ Վախթանգը հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում։

 

Նա պատմել է, որ 2011թ.-ի փետրվարի 21-ին Լադո Բեդուկաձեն մտել է իր բանտախուց և բռնաբարել։ Նախկին բանտարկյալը պատմել է նաև Բեդուկաձեի օգնականների մասին, որոնց անվանել են «Բաստի» և «Բաբու»։

 

Նրա խոսքով՝ իր հետ սեռական ակտը կազմակերպել է «Բաստի»-ն։


Բանտարկյալը նշել է, որ Բեդուկաձեն նաև այլ բանտարկյալների հետ է եղել, նրանց ֆիզիկական և խոսքերով վիրավորանքներ է հասցրել և մասնակցել է բանտարկյալների խոշտանգումներին։

 

Վախթանգը հայտարարել է, որ ինքը պահանջում է Բեդուկաձեի ձերբակալությունը և այդ նպատակով  դիմել է տարբեր գերատեսչությունների, սակայն դեռևս որևէ մեկը չի արձագանքել։

 

Բեդուկաձեի փաստաբաններից Լալա Ապցիաուրին տեղեկացրել է, որ նման տեղեկության չի տիրապետում, սակայն չի բացառել, որ դա սադրանք է։

 

2012թ.-ի սեպտեմբերի 18-19-ին տեղի հեռուստաընկերությունները ցուցադրել էին սկանդալային կադրեր Գլդանիի բանտից, ինչը բնակչության շրջանում զանգվածային ակցիաների պատճառ էր դարձել։

 Ցույցերի ճնշման տակ հրաժարական էին տվել երկու նախարարներ և ընկել էր Սաակաշվիլիի կուսակցության վարկանիշը։ Դա էլ իր հերթին բացասաբար էր ազդել 2012թ.-ի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլիի վարկանիշի վրա։