Բողոքի ակցիա Կառավարության դիմաց. սգացող մայրերին միացել էին այլ պահանջատերեր (տեսանյութ)

15:28 • 14.02.13

Բանակում խաղաղ պայմաններով զոհված զինծառայողների ծնողների՝ Կառավարության շենքի առջև ամեն հինգշաբթի տեղի ունեցող բողոքի ակցիան այսօր տարբերվեց նախորդներից նրանով, որ այստեղ էին եկել միաժամանակ մի քանի տարբեր խմբեր, ովքեր բղավում էին, արդարություն պահանջում։ 


Ամենից ակտիվը Հյուսիսային պողոտայի իրացման գոտու տարածքների բնակիչներն էին, ովքեր սուլում էին, գոռում «վարչապետ, իջիր, պատասխան տուր», «գողեր», «կառչել ես աթոռին, ինչի՞ ես կառչել»։


Նրանցից ոչ պակաս ոգևորությամբ նախագահ Սերժ Սարգսյանի գովքն էր անում տարեց մի կին, ով ՀՀԿ քարոզչական շարֆը գցած գոռում էր. «Փա՛ռք ու պատի՛վ քեզ, Սե՛րժ Ազատիչ Սարգսյան։ Ես հավատում եմ քո հաղթանակին՝ պաբեդաաա»։
Վերջինիս պահվածքն ակնհայտորեն բողոքող կանանց, ովքեր ժամանակ առ ժամանակ իրենց դժգոհությունն ուղղում էին հենց նրան՝ ասելով, թե «քավթառը ծախվել է 5000 դրամով» «Մեռնես դու քո Սերժ Ազատիչի հետ միասին» և այլն։


Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը ինչպես միշտ լուռ, իրենց զավակների նկարները բռնած կանգնած էին և իշխանություններից պահանջում էին պատասխանատվության ենթարկել մեղավորներին։


Սարի թաղի սողանքից տուժածներին Կառավարության ընդունարանում հանդիպեց գործադիրի ներկայացուցիչը և լսեց նրանց բողոքները՝ նշելով, թե բնակիչները ընդամենը շոու են ուզում սարքել։


Բնակիչները վրդովվեցին. «Ինչի՞ շոու, այդ սողանքը մեզ այս օրը հասցրեց, խոնավության մեջ, մեր վրայից հոտ ա գալիս, որ պահարանը բացես բորբոս ա։ Ամեն օր վախենալով ենք քնում, որ մի փոքր ցնցումից տունը կփլվի»,-ասաց նրանից մեկը և ավելացրեց, որ հարցը լուծելու համար գրավոր դիմում են ուղարկել Կառավարություն և ստացել պատասխան, թե 2011թ-ին հարցը կլուծվի, սակայն մինչև հիմա չի լուծվել։


Կառավարության շենքի դիմաց բողոքին միացել էին նաև Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ Իրանին տրամադրելու նախաձեռնության դեմ ակցիայի մասնակիցները, ովքեր Կառավարությունից հստակ պատասխան էին պահանջում և զգուշացնում, որ Նժդեհի պահած հողերը իրենք «նժդեհականներից» կպաշտպանեն։