Իսպանացիներն ինքնասպան են լինում բնակարանից զրկվելու ահից

17:08 • 14.02.13

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի 46-ամյա մի բնակիչ ինքնասպան է եղել՝ փողոցում հայտնվելու ահից, գրում է Russia Today-ը։ Տղամարդը կախվել է, քանի որ վերջին հինգ տարիների ընթացքում չի կարողացել վճարել բնակարանի համար։ Այս դեպքը երկրում 4-ն է՝ մեկ շաբաթվա ընթացքում։

 

Նրան դուրս հանելու համար ժամանած ոստիկանները մի քանի անգամ թակել են դուռը, սակայն պատասխան չի եղել։ Մտնելով բնակարան՝ նրանք հայտնաբերել են տղամարդու դին։ Մահացածի ընկերը պատմել է, որ նա վաղուց էր խոսում ինքնասպանության մասին։

 

Այս շաբաթվա սկզբին էլ Մայորկա կղզում ինքասպանություն է գործել մի տարեց զույգ՝ քնահաբեր ընդունելով։ Իրենց թողած նամակում 68-ամյա տղամարդը և 67-ամյա կինը հայտնել են, որ չեն ցանկանում պարտքերի պատճառով զրկվել բնակարանից։


Ավելի վաղ 56-ամյա մի քաղաքացի ինքնասպանություն էր գործել՝ չկարողանալով վճարել հիփոթեքը։

 

Այս դեպքերի ֆոնին Իսպանիայի խորհրդարանը համաձայնվել է վերանայել երկրի բնակարանային խիստ օրենսդրությունը, չնայած որ պատգամավորները երկար ժամանակ հրաժարվում էին դա անել։