Քվեարկության ընթացքին և արդյունքներին հնարավոր է հետևել ավտոմատացված համակարգի միջոցով. ԿԸՀ

10:14 • 18.02.13

Քվեարկության ողջ օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում և կայքում՝ elections.am-ում ավտոմատացված համակարգի միջոցով կտեղադրվի տեղեկատվություն ընտրության մասնակցության, ինչպես նաև քվեարկության արդյունքների վերաբերյալ:


Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը:


Նա նշեց, որ ժամը 12:00-ին, 15:00-ին, 18:00-ին և 21:00-ին կհրապարակվեն տվյալներ մասնակիցների թվի վերաբերյալ: Դրանք կներկայացվեն ըստ մարզերի, մարզկենտրոնների և 10 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքների: Այս տեղեկությունները հրապարակված են լինելու ԿԸՀ կայքում:


«Նույն համակարգի միջոցով ամփոփվելու են արդյունքները, հրապարակվելու է տեղեկությունը՝ տեղամասերում ընտրության արդյունքների վերաբերյալ»,- ասաց Ելենա Այվազյանը՝ նշելով, որ տեղեկատվությունը կհրապարակվի ըստ յուրաքանչյուր թեկնածուի կողմ ձայների և յուրաքանչյուր ոք կարող է իրական ժամանակում հետևել արդյունքներին: