BBC-ի աշխատակիցները գործադուլ են սկսել կրճատումների դեմ

10:27 • 18.02.13

BBC հեռուստառադիոկորպորացիայի աշխատակիցներն այսօր գործադուլ են սկսում կրճատումների դեմ, որը կանցկացվի Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքներում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Լրագրողների ազգային միությանը (NUJ)։

 

Ինչպես նշվում է NUJ-ի կայքում, ընկերության ղեկավարությունը ծախսերը կրճատելու նպատակով նախատեսում է մոտակա ամիսների ընթացքում աշխատանքից ազատել մոտավորապես 2.000 աշխատակցի։ Ընդ որում, նշվում է, որ 2004թ.-ից սկսած աշխատանքից հեռացվել է արդեն 7 հազար աշխատակից։ Լրագրողների միության ներկայացուցիչները վստահեցնում են, որ ընկերության ղեկավարությունը «պատրաստ է պետական միջոցները ծախսել անիմաստ կրճատումների համար՝  հմուտ և տաղանդավոր լրագրողներին զրկելով գոյատևման միջոցներից»։

 

Գործադուլը կանցկացվի երկուշաբթի՝ տեղի ժամանակով ժամը 00։01-ից մինչև 23։59-ը, Լոնդոնում, Բիրմինգհեմում, Նոթինգհեմում, Օքսֆորդում, Պլիմուտում, Քարդիֆում, Գլազգոյում և մի շարք այլ քաղաքներում։ Գործադուլին կմասնակցեն ընկերության մի քանի մասնաճյուղերում աշխատող լրագրողները՝ BBC Scotland, Five Live, Asian Network, Big Screens, Newsbeat և World Service։

 

Գործադուլի կազմակերպիչները պահանջում են կրճատումներ չիրականացնել կես տարվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածում նրանք պատրաստվում են բանակցություններ վարել կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ։

BBC-ի ներկայացուցիչը նշել է, որ ղեկավարությունը հասկանում է լրագրողների անհանգստությունը, սակայն ցավում է NUJ-ի՝ գործադուլ անցկացնելու որոշման համար, որը կարող է հանգեցնել խափանումների ընկերության աշխատանքում։