Ավստրալիայի ամենահարուստ տղամարդը պահանջում է ուրան չփնտրել իր ռանչոյում

16:05 • 18.02.13

Ավստրալացի միլիարդատեր Էնդրյու Ֆորեսթը դատարան է դիմել՝ պահանջելով արգելել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող իր ռանչոյում օգտակար հանածոների որոնումը, այդ թվում՝ ուրանի և ավազի, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:

 

Ավստրալական օրենսդրությամբ՝ հողատիրոջն է պատկանում միայն հողի վերին մեկ մետրանոց շերտը, իսկ մնացածը պատկանում է պետությանը: Սրա հիման վրա Yarri Mining ընկերությունը մտադիր է ավազի արդյունահանում սկսել Ֆորեսթի ռանչոյի տարածքում՝  200 հազար դոլար փոխհատուցման դիմաց:

 

Yarri Mining-ից հայտնել են, որ մտադիր են զբաղեցնել 348 ակր տարածք, ինչը կազմում է Ֆորեսթին պատկանող հողերի 0,06 տոկոսը: Մեկ այլ խոշոր ընկերություն՝ Cauldron Energy-ը, իր հերթին, մտադիր է ուրան արդյունահանել նույն ռանչոյի տարածքում:


Ֆորեսթի կարողությունը գնահատվում է 5,7 մլրդ դոլար:
 

Ավստրալիան օգտակար հանածոների խոշորագույն արտահանողներից է: Անցած տարի այդ ոլորտի եկամուտը կազմել է 189 մլրդ դոլար: