Ձիու մսի սկանդալի պատճառով բրիտանացիներն անցել են դիետայի
Բրիտանական Sunday Mirror և The Independent պարբերականների պատվերով ComRes ընկերությունն առցանց սոցհարցում է անցկացրել 2002 օգտատիրոջ շրջանում, ինչի արդյունքում պարզվել է, որ հարցվածների 31%-ը(1/3-րդ մասը) հրաժարվել է կիսաֆաբրիկատների և սառեցված մթերքների գնումից։ Միևնույն ժամանակ հարցվածների 7%-ն ընդունել է, որ միսն ընդհանրապես բացառել է սննդակարգից։
Ստեղծված իրավիճակի «մեղավորը» սննդամթերքի ոչ բարեխիղճ արտադրողների պահվածքն է, ովքեր տավարի փոխարեն ձիու և նույնիսկ էշի միս են վաճառել։ Ձիու մսի հետ կապված սկանդալը ծագել է այն ժամանակ, երբ սննդամթերք արտադրող խոշորագույն ընկերությունների արտադրանքներում հայտնաբերվել է ձիու ԴՆԹ։
Բացի այդ, հարցվածների մեծ մասը (53%) կողմ է արտահայտվել նրան, որ մսամթերքի ներկրումն ամբողջովին արգելվի, քանի դեռ հստակ չի պարզվել, թե ինչից է այն պատրաստված։
Հարցման արդյունքների հրապարակումից 1 օր անց Մեծ Բրիտանիայի սննդամթերքի չափանիշների գործակալությունը (FSA) ներկայացրել է տավարի մսից պատրաստված մթերքների բժշկական փորձաքննության արդյունքները։ Համաձայն ստացված եզրակացության՝ ձիու միսը հայտնաբերվել է ուսումնասիրված 2501 նմուշներից 29-ում, որտեղ դրա պարունակությունը գերազանցել է 1%-ը։










