ԱԺ նախագահը քվեարկեց, հետաքրքրվեց կնիքներով և խոսեց հնարավոր կոալիցիայի նոր ձևաչափից (տեսանյութ)

12:23 • 18.02.13

Երևանի 10/08 ընտրատեղամասում, որը տեղակայված է Վարդան Աճեմյանի անվան թիվ 72 դպրոցում, այսօր առավոտյան քվեարկության եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր թոռնիկի հետ։ 


Ընտրություն կատարելուց հետո ԱԺ նախագահը նախ հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեց, թե արդյոք կնիքներից դժգոհություն չկա՞ և ստանալով գոհացուցիչ պատասխան, որ ոչ, արդեն լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է «կայուն Հայաստանի զարգացման համար, հայրենիքի անվտանգության համար և ապահով Հայաստանի համար»։


«Ես համոզված եմ, որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը, քան ԱԺ ընտրությունները։ Ամեն ինչ անելու ենք, որ այս ընտրություններն անցնեն օրենքի սահմաններում։ Որևէ լուրջ խախտման կամ թերության մասին չեն խոսում և դա շատ լավ է։ Սա մեր ժողովրդի և հասարակության ձեռքբերումն է, որ, անպայման, մեկ քայլ առաջ լինեն»,- ասաց նա։


Լրագրողները Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստանի» շատ պատասխանատու անձինք հայտարարել են, որ սատարելու են գործող նախագահին, հնարավ՞որ է արդյոք կոալիցիոն նոր ձևաչափ կազմվի ԲՀԿ-ի հետ։


«Ես չեմ բացառում կոալիցիոն որևէ ձևաչափ, ամեն ինչ հնարավոր է, ուղղակի պետք է սպասենք ընտրություններն ավարտվի, կքննարկենք և տեղյակ կպահենք»,- ասաց նա, իսկ գործադիրի փոփոխության և իր հնարավոր վարչապետի պաշտոնի մասին հարցերին խորհուրդ տվեց անդրադառնալ ընտրություններից հետո։


«Առայժմ մենք զբաղվում ենք ընտրություններով, իսկ գործադիրի մասին ավելի ուշ»,-ասաց նա։


Հովիկ Աբրահամյանն ընտրություններին կհետևի շտաբից, իսկ որպես շտաբի պետ, նշեց, որ իր աշխատանքի գնահատականները արդյունքները ընտրությունների ամփոփումից հետո կերևա։


Ի դեպ, նշենք, որ 10/08 ընտրատեղամասում ըստ հանձնաժողովի նախագահ Հարություն Ղուկասյանի՝ բավական ակտիվ մասնակցություն է նկատվում։ Ըստ նրա միայն առաջին երկու ժամերին արդեն 110 ընտրող էր կատարել իր պարտքը։