Իվանիշվիլին մտադիր է հանդիպել ոչ կառավարական հատվածի հետ յուրաքանչյուր ամիս
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել յուրաքանչյուր ամիս ոչ կառավարական հատվածի հետ հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությամբ, հայտնում է apsny.ge-ն։
Այդ մասին նա հայտարարել է «Շերատոն Մետեխի փալաս» հյուրանոցում «Իշխանության 100 օր. օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ» համաժողովի ժամանակ։
«Ես լավ եմ հասկանում, որ քաղաքացիական հասարակության զարգացումը գլխավորն է։ Լավ եմ հասկանում այդ կազմակերպությունների դերը երկրի զարգացման գործում։ Ելնելով նրանից, որ այսօրվա ընդդիմությունը կառուցողական չէ, ես հույսս դնում եմ ոչ կառավարական հատվածի վրա, կարծում եմ՝ մեր հանդիպումների պարբերականությունը պետք է լինի առնվազն ամիսը մեկ անգամ՝ այնքան, որքան նման անհրաժեշտություն լինի։ Եթե ընդդիմությանը հաջողվի դառնալ կառուցողական, ապա մեր հանդիպումների հաճախականությունը կկրճատվի»,- նշել է Իվանիշվիլին։
Ոչ կառավարական հատվածի կազմակերպած համաժողովին մասնակցել են Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին, գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին, Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը, NDI վրացական գրասենյակի ղեկավար Լուիս Նավարոն։










