Կոսովոն ԱՄՆ-ի հետ «հավերժ բարեկամության» հույս ունի և պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին

15:34 • 18.02.13

Կոսովոյի նախագահ Ատիֆետե Յահյագան հայտարարել է, որ հանրապետությունը պատրաստվում է կատարել Եվրոպական միություն և ՆԱՏՕ ընդգրկվելու համար անհրաժեշտ բոլոր պահանջները և Վաշինգտոնի հետ «հավերժ բարեկամության» հույս ունի, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Voice of America-ին։ 

 

Նման հայտարարությամբ Յահյագան ելույթ է ունեցել Սերբիայից Կոսովոյի անկախանալու 5-ամյակի կապակցությամբ կայացած զինվորական շքերթի ժամանակ։

 

Այժմ երկրի անկախությունը ճանաչում է 98 երկիր։ Սերբիան հրաժարվում է ընդունել Կոսովոյի անկախությունը, սակայն համաձայնվել է երկխոսություն սկսել պետության ղեկավարության հետ՝ երկկողմ հարաբերությունները լավացնելու նպատակով։


Երկրների ղեկավարները հանդիպել են փետրվարի 6-ին Բրյուսելում և առաջին անգամ միմյանց ձեռք սեղմել։


Կոսովոյի հետ համագործակցությունը, որը վերջին տարիներին արդեն հասցրել է դառնալ Համաշխարհային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի անդամ, եվրոպական իշխանությունների առաջ քաշած պայմաններից մեկն է Սերբիան ԵՄ-ում ընդգրկելու համար։