Օբաման գոլֆ է խաղացել մարզաձևի լեգենդի հետ. լրագրողները բողոք են հայտնել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրն անցկացրել է Ֆլորիդա նահանգի հանգստավայրերից մեկում, որտեղ առաջին անգամ գոլֆ է խաղացել այդ մարզաձևի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսի հետ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ նշելով, որ խաղը տեղի է ունեցել հեղինակավոր գոլֆ ակումբում:
Սպիտակ տանից հայտնել են, որ նախագահին ու գոլֆիստին ընկերակցել են առևտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոն Քըրքը և ակումբի տեր, գործարար Ջիմ Քրեյնը:
Լրագրողներին թույլ չեն տվել հետևել խաղին, ինչի առիթով Սպիտակ տանը կից թղթակիցների ընկերակցությունն իր բողոքն է հայտնել:
Սպիտակ տանից հայտնել են, որ այդպիսին են իրենց պայմանները. Օբաման շատ է սիրում գոլֆ և հաճախ է ազատ ժամանակ գոլֆ խաղում ընկերների հետ: Հետաքրքրական է, որ առաջին տիկինն ու Օբամայի դուստրերը ժամանակն անց են կացրել Կոլորադոյում՝ զբաղվելով դահուկասպորտով: Ըստ աղբյուրի՝ մենակ մնալով է, որ Օբաման որոշել է «տաք նահանգներ» մեկնել:
Այսօր ԱՄՆ-ում նշվում է ազգային տոն Նախագահների օրը:










