Ոստիկանությունն ընտրակեղծիքների վերաբերյալ 88 ահազանգ է ստացել, 56-ը՝ ընտրակաշառքի մասին

11:58 • 18.02.13

Մինչ այս պահը ՀՀ ոստիկանությունը ընտրախախտումների մասին ստացել է 88 հաղորդում, դրանցից 27-ի վերաբերյալ գործի հարուցում մերժելու մասին որոշում է կայացվել՝ 3-ի դեպքում հանցակազմի բացակայության, իսկ 24-ը՝ հանցագործության բացակայության պատճառներով։


Այս տեղեկությունները ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ այս պահին հարուցված քրեական գործեր դեռևս չկան:


Ստացված ահազանգերից 56-ը կապված են եղել ընտրակաշառքների դեպքերի, իսկ մնացածը՝ տարբեր են ընտրախախտումների հետ:


«Հանրապետության ողջ տարածքում առկա 41 ընտրատարածքներում ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է իրականացնում և պատրաստ է ընդունել յուրաքանչյուրի կողմից տրվող ահազանգերն ու հաղորդումները»,- ասաց նա:


Ոստիկանության գնդապետը նշեց, որ այսօրվա ընթացքում արդեն եղել են ահազանգեր լցոնումների, կուտակումների մասին, և այս պահին համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում՝ դրանց իսկությունը ճշտելու համար: