ԱՄՆ-ում Ռուսաստանից որդեգրված երեխա է սպանվել
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում Ռուսաստանից որդեգրված երեխա է սպանվել։ Հանցագործության գլխավոր կասկածյալը խորթ մայրն է, հայտնում է РИА-Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով լիազորված Պավել Աստախովը։
«Տեխաս նահանգում խորթ մոր կողմից սպանվել է Ռուսաստանից որդեգրված 3-ամյա մի երեխա։ Սպանությունը տեղի է ունեցել հունվարի վերջին։ ՌԴ դեսպանատունն այդ մասին իմացել է, սակայն Միացյալ Նահանգների պետդեպի կողմից որևէ արձագանք չի եղել։ Տղա երեխան մահացել է նախքան շտապօգնության ժամանումը։ Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխան ունեցել է բազմաթիվ վնասվածքներ»,- գրել է Աստախովը Twitter-ի իր էջում։
Նա նաև հայտնել է, որ խորթ մայրը երեխային տվել է շատ ուժեղ հոգեմետ դեղեր, իսկ մահից առաջ դաժանաբար ծեծել է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը «Դիմա Յակովլևի օրենքով» արգելել է ԱՄՆ քաղաքացիներին ռուս երեխաներ որդեգրել։ Դիմա Յակովլևը նույնպես մահացել էր ամերիկացի որդեգիր ծնողների պատճառով։










