Վարդան Սեդրակյանը կատարեց իր ընտրությունը և սպասում է իր հաղթանակին
Երևանի Քանաքեռ վարչական շրջանի 3/30 ընտրատեղամասում այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահի թեկնածու, ինքնաառաջադրված Վարդան Սեդրակյանը։
Նա ընտրության էր եկել կնոջ և երեխայի հետ։ Իր սպասելիքների մասին թեկնածուն ասաց, որ դրանց մասին ասել է իր առաջին ասուլիսի ժամանակ, և մինչև այսօր ոչինչ չի փոխվել։ «Սպասում եմ իմ հաղթանակին»,– ասաց նա։
Լրագրողների հարցին, թե ում է ընտրել 2008–ի նախագահական ընտրություններին, թեկնածուն պատասխանեց, որ այն ժամանակ ինքը եղել է Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում, և դժվար չէ հասկանալ, թե ում է ընտրել։ Իսկ թե ում ընտրեց այսօր, Վարդան Սեդրակյանը լրագրողներին ասաց, որ վերջիններս հումորի մեծ զգացում ունեն։
Նախագահի թեկնածուն հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերի՝ հորդորելով մի քիչ ավելի լուրջ լինել։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սիմոնյանի տեղեկացմամբ՝ տեղամասում ժամը 13:00–ի դրությամբ 1313 ընտրողներից ընտրել է մոտ 400–ը։










