Անձնագրերում դրվող կնիքը թաց անձեռոցիկով հեշտությամբ ջնջվում է
10/21 ընտրատեղամասում, որտեղ այսօր իր ընտրությունը պետք է կատարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ժամը 11-ի դրությամբ քվեարկել է 114 ընտրող, իսկ ընդհանուր ընտրողների թիվն այս ընտրատեղամասում 1 948 է:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վրեժ Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քվեարկության ընթացքը շատ նորմալ է անցնում:
Վստահված անձանցից, ըստ Վրեժ Հովսեփյանի, մինչև այս պահը ներկայացել է մեկ հոգի` Հանրապետական կուսակցությունից:
Նկատելով ընտրողների ոչ այնքան ակտիվ մասնակցությունը, Վրեժ Հովսեփյանն ասաց, որ հնարավոր է այն պայմանավորված է հանգստյան օրով, և կգան ավելի ուշ:
Պատասխանելով հարցին, թե տեղեկություն կա, որ հնարավոր է անձնագրերում դրվող կնիքը թաց անձեռոցիկով ջնջել, Վրեժ Հովսեփյանն ասաց, որ իրենց նմուշի վրա կնքել են և քանի ժամ է անցել, մնացել է:
«Ասել են, երբևէ անցնելու հատկություն չունի: Պետք է 7 րոպե թափահարել, նորմալ ինստրուկցիայով աշխատի»,- ասաց Վրեժ Հովսեփյանը:
Tert.am-ը փորձեց թաց անձեռոցիկով մաքրել ձևանմուշի վրա դրված կնիքը, և ահա ստացված պատկերը՝ ջնջվեց։ Նկարը ներկայացնում ենք ստորև։










