Բրյուսելի օդանավակայանից 10 կգ ադամանդ են գողացել
Բրյուսելի օդանավակայանում ինկասացիայի և թանկարժեք իրերի տեղափոխման Brink’s ընկերության մեքենան հարձակման է ենթարկվել, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով բելգիական ԶԼՄ-ներին։
«Մենք հաստատում ենք, որ երեկ՝ տեղական ժամանակով ժամը 19։47-ին, անհայտ անձինք ներխուժել են օդանավակայանի տարածք։ Գտնվելով երկու մեքենաների ղեկին՝ նրանք կոտրել են պատնեշը»,- հայտնել են Բրյուսելի օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Այդ պահին ընկերության աշխատակիցները թանկարժեք զարդեր են բեռնել ինքնաթիռ, որը պետք է մեկներ Ցյուրիխ։ «Զինված անձինք հարձակվել են ինկասատորների վրա, գողացել թանկարժեք իրերն ու թաքնվել»,- նշել են մամուլի ծառայությունից։
Հանցագործները տարել են 10 կգ ադամանդ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Կողոպուտը չի անդրադարձել օդանավակայանի աշխատանքի վրա։ Դատախազությունը սկսել է հետաքննությունը։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները։










