Թունիսում անկուսակցական կառավարություն ստեղծելու ջանքերը ձախողվել են

01:02 • 19.02.13

Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին հայտարարել է, որ երկրի խոշորագույն քաղաքական կուսակցությունները չեն կարողացել համաձայնության հասնել նոր կառավարությունը տեխնոկրատներից ձևավորելու հարցում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


«Իմ կողմից ներկայացված նոր կառավարություն ձևավորելու նախաձեռնությունը, որի անդամները չեն լինի որևէ կուսակցության անդամ, միաձայն աջակցություն չի ստացել»,- կուսակցական առաջնորդների հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի վարչապետը:


Դրա հետ մեկտեղ Ջեբալին նշել է, որ անկուսակցական կառավարություն ստեղծելու աշխատանքները շարունակվելու են:


Վարչապետը նոր կառավարություն ստեղծելու համար ընթացող բանակցությունների մասին հայտարարել էր փետրվարի 7-ին: Այս հայտարարությունը արվել էր ընդդիմության առաջնորդներից Շոքրի Բելայիդիի սպանությունից հետո: Վերջինս դաժան քննադատության էր ենթարկում Թունիսի կառավարությանը: