Ընդունե՛ք պարոն նախագահ, միացե՛ք մեզ. Սիսիանում Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց Սերժ Սարգսյանին
Այսօր Սիսիանում ելույթ ունենալով իր համակիրների առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պետք է ընդունի (ժողովրդի հաղթանակը) և միանա ժողովրդին: «Ընդունե՛ք, պարոն Սարգսյան, ընդունե՛ք»,- հեռակա դիմելով Սերժ Սարգսյանին` հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Պայքարի ավարտը Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է մարտ ամսվա ընթացքում՝ որպես ժողովրդի դե ֆակտո հաղթանակի դե յուրե ամրագրում: «Ժառանգության» առաջնորդը կրկին հայտարարեց, որ աշխարհի «մեծերը» շտապել են Սերժ Սարգսյանին շնորհավորելով և մի քիչ շուտ են շամպայն խմել, որովհետև հայ ժողովուրդը դարձել է երկրի տերը, և այդ ժողովրդի հավատը սասանել թույլ չի տալու կյանքի գնով: Կրկին ժողովրդական լեզվով ավելացրեց, որ «զադնայա սկորուստ» չի տալու:
«Օբամա է, Վլադիմիր Վլադմիրովիչ է, մի քիչ շտապել են, շամպայնը մի քիչ շուտ են խմում, և եթե ուզում են կեղծված ընտրությունները ճանաչել իշխանություններից Ցեղասպանության և Արցախի հարցում զիջումներ կորզելու համար, չեն ստանալու: Հայ ժողովուրդը այլևս զիջող չէ, մենք մեր ազգային շահը տանելու ենք մինչև վերջ»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իր ելույթի սկզբում նա նկատեց, որ հայ ժողովրդի հաղթանակը սկիզբ առավ ինը ամիս առաջ հենց Սիսիանից՝ ինը ամիս առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ-ն հանրահավաք էր անում Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, և նույն ժամին «Ժառանգությունը» պետք է աներ, և ինքը մոտեցավ ու իշխող կուսակցության համար նախատեսված խոսափողից ողջունեց ժողովրդին:
«Հայաստանը փոխվել է Սիսիանից, շնորհավորում եմ ձեզ«,- դիմելով սիսիանցիներին՝ ասաց նա և ավելացրեց, «ապրիլի վերջին շաբաթն էր, ոնց որ հարյուր տարի առաջ լիներ, ասացի ՝ կեցցե՛ Սիսիանը: Ես սիրում եմ Սիսիանը, ես հարգում եմ Սիսիանը»:
«Սրանից հետո ցավը, տառապանքը այլևս սիսիանցու և Հայաստանի համար չեն լինելու, և լինելու է արտագաղթածների վերադարձ, աշխատանք»,- խոստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ասելով՝ «ոչ մի անգործություն, ոչ մի արտագաղթ»:
Անդրադառնալով Գորիսում իրենց ցուցաբերած սառը ընդունելությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Գորիսը վախի մեջ էր ապրում, այն Գորիսը, որն իր «կուրծքի վրա զգաց գրադը»:
Ի դեպ, ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրեն 30 տոկոս ձայն տված Գորիսի հրապարակում ինքը տեսավ 0 ՀՀ քաղաքացի: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ վերջնախաղը տրվել է, բայց ոչ ժողովրդի դեմ, այլ նրա կողմից: «Շախմատ, շախ և մատ, սա մահ չէ, այլ կյանքի սկիզբն է: Հայաստանի, մեր կրթական օջախների անկախության համար, որպեսզի չռուսականացնեն դպրոցը, համալսարանը , հիվանդանոցը, մեր բանակը»,- ասաց նա:
Հանրահավաքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրեն զգում է համեստացած, ուժեղացած, «ուժականությամբ»՝ մի փոքր խզված ձայնով:
Ի պատասխան հարցի, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպում նախատեսվո՞ւմ է, ասաց, որ եթե Սերժ Սարգսյանի կողմից հանդիպման մասին նոր առաջարկ լինի, կընդունի, քանի որ ներկա դրությամբ ասելիք ունի և պատրաստ է խոսել»:
Վաղը մինչև Երևանի Ազատության հրապարակում իր հանրահավաքը, Րաֆֆի Հովհաննիսյանը կմեկնի Կոտայքի մարզ՝ բարևն այնտեղ տանելու:










