ԵՊՀ դասախոսները պահանջում են ռեկտորի օգնականի հրաժարականը (տեսանյութ)
Facebook-ում ակտիվորեն քննարկվում է այսօր Երևանի պետական համալսարանի մոտ դասադուլի ժամանակ տեղի ունեցած միջադեպը և մասնավորապես այդ ընթացքում ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի վարքագիծը:
Մասնավորապես, օգտատերերի զայրույթն է հարուցել Մելքոնյանի՝ «զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին բեր առաջ» արտահայտությունը (տեսանյութում 3.15 րոպեից), որը նա հնչեցնում է դասադուլի կոչերով հանդես եղող ուսանողներին և ակտիվիստներին մոտենալիս, ի դեպ՝ ոստիկանների ներկայությամբ:
Նշված արտահայտությունը ֆիքսվել է համացանցում տարածված տեսանյութում, որում տեղ են գտել անգամ հայհոյանքներ և հեգնական արտահայտություներ Գևորգյանի կողմից առաջնորդվող խմբի անդամների և անձամբ իր կողմից:
Ահա այդ կապակցությամբ արդեն իսկ իրենց վրդովմունքն են հայտնել ԵՊՀ դասախոսներ, որոնք հայտարարություններով են հադես եկել ֆեյսբուքում:
Մասնավորապես ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանը, միանալու կոչ անելով այլ դասախոսներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի "զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ" արտահայտությունը, հեգնական "ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին"-ը և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը:
Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց»:
Այս միջադեպի հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը, ով անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ այս իրադարձությունների մեկնաբանությանը, գրել է.
«Պարոն Աշոտյան, այսօր դասադուլը նկարագրելիս մեջբերել էիք չինական հետևյալ ասույթը՝ «քամի ցանողը հնձում է փոթորիկ»։ Չեմ ցանկանում անձնական գնահատական տալ դասադուլին, որովհետև դրա մասին չէ, որ ուզում եմ գրել։ Բայց եթե նման «քամի ցանողները» կարողացան բացահայտել, որ ԵՊՀ ռեկտորի խորհրդականը այդ դասադուլավորների դեմ հանում է «զորք», «ախլքալաքցիների», այդ զորքում կան մարդիկ, ում նա թույլ է տալիս հայհոյել ԵՊՀ դիմաց, ուրեմն մաղթում եմ մեր երկրին և ԲՈՒՀ-երին, որպեսզի այդպիսի քամիներ շատ լինեն, ինչը թույլ կտա մաքրել այդ բուհերի «օդը»։
Հուսով եմ, որ այդ պաշտոնյան վաղվանից այլևս չի աշխատի Երևանի պետական համալսարանում, իսկ նրա կողքին գտնվող դասադուլներից «ցնցված» ուսանողը Ձեր միջնորդությամբ համապատասխան պատժի կենթարկվի իրավապահների կողմից...»:
Տեսանյութը Lurer.com-ի՝










