Լոնդոնի իշխանությունները Ռոման Աբրամովիչին թույլատրել են վերակառուցել 17-րդ դարի առանձնատունը
Լոնդոնի քաղաքային իշխանությունները «կանաչ լույս» են տվել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին իր կողմից գնված պատմական, 17-րդ դարի առանձնատունը վերակառուցելու համար, հայտնում է Euromag-ը։
Առանձնատնից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Թեմզա գետը, և այն ժամանակին պատկանել է բրիտանացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերին։ Ըստ բրիտանական ԶԼՄ-ների ունեցած տվյալների՝ Աբրամովիչին հաջողվել է ստանալ լոնդոնյան Քենսինգթոն և Չելսի թաղամասերի իշխանությունների թույլտվությունը միայն մի շարք զիջումների գնալուց հետո։ Սակայն թե դրանք ինչ զիջումներ են, ԶԼՄ-ները չեն հստակեցնում։
Միլիարդատերը ցանկանում է սկսել վերակառուցման աշխատանքները մոտ ապագայում. դրանք կարժենան շուրջ 12 մլն դոլար։ Աբրամովիչը պատրաստվում է միացնել 17-րդ դարի առաձնատունը դրան կից 2 շինությունների հետ։ Բացի այդ, նա նպատակ ունի շինության մի մասը վերածել գեղարվեստական պատկերասրահի, որտեղ կցուցադրվեն Աբրամովիչի և նրա ընկերուհու՝ Դարյա Ժուկովայի հավաքած կտավները։
Հայտնի է արդեն, որ նոր առանձնատուն տեղափոխվելու դեպքում Աբրամովիչի հարևանը կլինի լեգենդար Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագերը։










