Արագաչափերի տեղադրումից հետո մահվան ելքով ՃՏՊ-ների քանակը 30%-ով նվազել է

13:41 • 28.02.13

Մեքենաների արագությունը չափող սարքերի տեղադրումից հետո 2012 թվականին մահվան ելքով ՃՏՊ-ների քանակը վերլուծելիս պարզվել է, որ դրանք շուրջ 30%-ով նվազել են: Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիպյանը՝ նշելով, որ եթե 2008-ից սկսած ամեն տարի 30%-ով աճում էին մահվան ելքով պատահարները, ապա հիմա ճիշտ հակառակը:


Վարչապետը հանձնարարեց մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել այս խնդրին, որը մշտապես ԱԺ-ում բարձրացնում են պատգամավորները:


Ըստ վարչապետի՝ հնչեցված հիմնական հարցերը հետևյալն են, թե արդյոք Երևանում և նրանից դուրս տեղադրված արագաչափերը ճիշտ տեղերում են տեղադրված, և արդյոք արագությունը պետք է լինի հենց այդպիսին:


«Սա նոր երևույթ է մեր կյանքում և բուռն քննարկումների առարկա է միշտ դառնում: Հաշվի առնելով նաև, որ խիստ պատժամիջոցներ ենք նախատեսում և տուգանքներ են վճարում մեր քաղաքացիները, մենք պարբերաբար պետք է պարզաբանումներ տանք և պատգամավորներին մտահոգող հարցերին պատասխանենք»,- ասաց Տիգրան Սարգսյանը: