Audi-ն և BMW-ն տեղյակ չէին, որ Ուկրաինայում նոր գործարան «ունեն»
Ուկրաինացի գործարարները անհնարինը հնարավոր են դարձրել. Ռովնո քաղաքում, միևնույն «հոսքագծում» հավաքվում էին ուղղակի մրցակից ընկերությունների մեքենաներ` Audi Q7, BMW X5 և S դասի Mercedes, հաղորդում է vesti.ru-ն:
Դժվար չէ կռահել, որ տարեկան ավելի քան 500 մեքենաներ թողարկվել են օրենքի բազմաթիվ խախտումներով:
Ուկրաինայի իրավապահները անակընկալի են եկել Ռովնոյում մի ամբողջ «ավտոգործարան» հայտնաբերոլով: Վերոհիշյալ շքեղ մեքենաները այստեղ հավաքվել են մի մեթոդով, որը կարելի է անվանել «խոշորհանգույցային հավաքում»:
Իհարկե, գերմանական կոնցեռնների ներկայացուցիչները նույնիսկ չեն կռահել, որ նրանք ևս մեկ «գործարան» ունեն` Արևելյան Եվրոպայում:
Աշխատանքի սխեման պարզ էր: Մեքենաները գնվում էին Եվրոպայում և Լեհաստանում քանդվում: Թափքերը սահմանը հատում էին օրինական ճանապարհով, իսկ մնացած մասերը մաքսանենգ ճանապարհներով: Նման կերպով խուսափելով հարկերից:
Մեքենան հաշվառման դնելու համար, անօրինական ֆաբրիկայի տերերը կեղծ համաձայանգրեր են կնքել գերմանական ընկերությունների մեքենաների հավաքման թույլտվություն ունեցող արտադրամասերի հետ: Փաստաթղթերով, մեքենաները դառնում էին Ուկրաինայում հավաքված:










