Բելգիացի պատգամավորները ցանկանում են իշխանությունից զրկել իսլամիստ քաղաքական գործիչներին

21:31 • 28.02.13

Բելգիացի քաղաքական գործիչներն առաջարկել են միջոցներ կիրառել, որոնք կսահմանափակեն իսլամական գործիչների գործունեությունը: Պատգամավորները դժգոհում են, որ մուսուլման քաղաքական գործիչները ցանկանում են հասարակական վայրերում իրարից առանձնացնել կանանց և տղամարդկանց, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Լիբերալների թվին պատկանող քաղաքական գործիչ Ալեն Դեստեկսը և Կուկելբերգի քաղաքապետի տեղակալ Ֆիլիպ Պիվինը առաջարկել են իսլամական կուսակցությունների անդամներին ազատել տարբեր «տեղային ֆունկցիաներ» կատարելու իրավունքից: Այս նախաձեռնությունը ներկայումս հավաքում է խորհրդարանի մյուս անդամների ստորագրությունները:


Դեստեկսը և Պիվինը մասնավորապես հանդես են գալիս բելգիական «Իսլամ կուսակցության» դեմ, որի 2 անդամները 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում տեղ են ստացել ղեկավար ապարատում: Հաղթանակից հետո նրանք խոստացել են երկրի տարածքում շարիաթի օրենքներ հաստատել:


«Իսլամական կուսակցության անդամները կողմ են հանդես գալիս այն օրենքի համար, որն արգելում է փոխադրամիջոցներում և հասարակական վայրերում խառնել կանանց և տղամարդկանց»,- ասել է Դեստեկսը՝ հավելելով, որ նրանք ցանկանում օրինականացնել ամուսնությունները 12 տարեկանից սկսած և փարաջա կրելը՝ հիմնվելով իսլամական ավանդույթների վրա:


2 քաղաքական գործիչները հայտարարել են, որ շարիաթը համատեղելի չէ այն իրավունքների և ազատությունների հետ, որոնք ներառված են Մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայում, և դրա համար Բելգիայում մուսուլմանական քաղաքական գործիչների իշխանությունը պետք է հասցվի նվազագույնի:


Վերջերս Իսլամական կուսակցությունը հայտարարել է, որ նրանք նախատեսում են Բելգիայի տարածաշրջանային և խորհրդարանական ընտրություններին առաջադրել իրենց թեկնածուներին: Նրանք ծրագրում են թեկնածություններ առաջադրել նաև Եվրոպական խորհրդարանում, ինչն առաջացրել է բազմաթիվ բելգիացի խորհրդարանականների դժգոհությունը: