Բենեդիկտոս 16-րդն այսօր երեկոյան կդադարի Հռոմի պապ լինել
Բենեդիկտոս 16-րդը, ով Հռոմի պապի պաշտոնում ընտրվել էր 2005թ.-ի ապրիլի 19-ին, այսօր՝ տեղի ժամանակով ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով ժամը 23։00-ին) կդադարի պաշտոնավարել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Պաշտոնավարման վերջին օրը Բենեդիկտոս 16-րդն առանձին-առանձին կհանդիպի Հռոմ ժամանած կարդինալների հետ։ Դա կլինի Բենեդիկտոս 16-րդի վերջին հրապարակային գործողությունը։
Իր հեռանալու մասին 85-ամյա հոգևորականը հայտարարել էր փետրվարի 11-ին։
Բենեդիկտոս 16-րդը մասնավորապես նշել էր, որ որոշել է հրաժարվել պապի պաշտոնից երկար մտորումներից հետո և «հանուն Եկեղեցու», և խոստովանել էր, որ իր որոշման մեջ միանգամայն ազատ է եղել և լուրջ է վերաբերվել։
Չնայած այն բանին, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին պապին ընտրում է ցմահ, սակայն համաձայն օրենքի՝ պապը կարող է հրաժարվել, եթե դա նրա սեփական ցանկությունն է։
2010թ.-ին լույս տեսած «Աշխարհի լույսը» գիրք-հարցազրույցում Բենեդիկտոս 16-րդ պապն իր համերկրացի, գերմանացի լրագրողին ասել էր, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշ դեպքերում կարող է և նույնիսկ անհրաժեշտ է, որ հրաժարական տա, եթե գտնում է, որ «ֆիզիկապես, հոգեբանորեն ու հոգեպես» այլևս ի վիճակի չէ ծառայել։










