Դասադուլը քաղաքական նկատառումով ուսանողությանը օգտագործելու փորձ է. ԵՊՀ աշխատակազմի ղեկավար

13:25 • 28.02.13

ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը մտահոգված է փետրվարի 25-ից հայտարարված դասադուլի փորձերից, որոնց հետևում, ըստ նրա, երևում են բուհական համակարգի և կրթության գործի կազմակերպման խաթարմանն ուղղված գործընթացներ:


«Դասադուլին ես ևս բացասական եմ վերաբերվում, քանի որ նպատակ ունի քաղաքական նկատառումով ուսանողությանն օգտագործել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:


Ալիկ Ղարիբյանն առիթից օգտվելով կոչ է անում, նույնիսկ ինչ-որ տեղ խնդրում այն մարդկանց, ովքեր հասարակության մեջ նման դերակատարություն ունեն՝ չգնալ հակաօրինական քայլերի ու դրանով բուհական կյանքն առօրյայից շեղեն:


«Չմոռանանք, ինչքան էլ քաղաքական իրավիճակը տարբեր հատվածներում ծանր է եղել, միևնույնն է կրթական գործը եղել է առաջնային»,- ասաց նա:


Նա նկատեց, որ իրենց կողմից սադրանքի գնալու քայլեր չի եղել, իսկ թե ինչու կոնկրետ ԵՊՀ-ում են նման միջադեպեր տեղի ունենում, ի տարբերություն մյուս բուհերի, նա բացատրեց, որ ի տարբերություն մնացած բուհերի, որոնց դռները փակ են, ԵՊՀ-ում այդ դռները չեն փակվում:


«Մեր բուհի դիմացի հատվածն օգտագործեցին որպես միտինգի հատված, մյուս բուհերն ընդամենը դռները փակել են: ԵՊՀ-ն երբևէ դռները չի փակել որևէ մեկի առջև, կարող են շրջել համալսարանի ֆակուլտետներում, տեսնեն, թե ուսանողի կամքի վրա որևէ մեկը բռնացե՞լ է, թե ոչ: Իսկ այն ուժերը, որոնք ուզում են կազմակերպել, որոշ ուսանողներ կան, որ միացել են, մենք նրանց չենք ստիպել, նրանց քաղաքական կամքն է»,- նշեց նա և ավելացրեց, որ նրանք էլ իրենց հերթին չպետք է խանգարեն մեծամասնության որոշումը՝ չմասնակցել դասադուլին:


Ալիկ Ղարիբյանը նշեց, որ գուցե բուհի երիտասարդներն էլ ովքեր դաս անելու կողմնակից են եղել, տրվել են սադրանքներին և ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել, բայց դա, ըստ նրա, հետևել է երիտասարդ աղջկա հայհոյանքին ի պատասխան:


Իսկ պրոռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի՝ «զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին բեր առաջ» արտահայտությանը, որի տեսագրությունն, ի դեպ, տեղադրված է համացանցում և երեկ Facebook սոցիալական ցանցում բուռն քննարկումների պատճառ է դարձնել, ըստ որում նաև ԵՊՀ դասախոսների կողմից, պարզվեց բուհի աշխատակազմի ղեկավարը տեղյակ չէ: Նա խոստացավ քննարկել հարցը և անհրաժեշտության դեպքում նրա պաշտոնավարման համար համապատասխան որոշում կայացնել:

 

«Չեմ դիտել տեսանյութը, կուսումնասիրվի մեր կողմից, համապատասխան հետևություններ կանենք նրա նկատմամբ»,- ասաց նա:


Ի դեպ, Ալիկ Ղարիբյանը պատրաստ էր անուն ազգանունով ներկայացնել դասադուլի կոչով հանդես եկող երիտասարդներին, իսկ հակընդդեմ դուրս եկած տղաների անունները նշեց, որ չի պատրաստվում տալ և անուններով չգիտի, թե ովքեր են:


«Միջնամատ ցույց տվողը թուրքագիտական ֆակուլտետում է սովորում և փոխարենը նստի թուրքերեն սովորի, տեսանք ինչպիսի վարք է դրսևորում»,- ասաց նա, այնուհետև անցավ կազմակերպիչներին, որոնցից մեկի անունը Տիգրան էր: Իսկ դաս անել ցանկացողների հարցում նշեց, որ չի կարող ասել, թե նրանցից ով է ախալքալաքցի և ոչ երևանցի: