«Դեմ առ դեմ» առցանց բանավեճ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի ու գիտաշխատող Դանիել Իոանիսյանի միջև
Դասադուլ անող ուսանողները ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի քույրերն ու եղբայրներն են, և նա սիրում է նրանց:
Այս մասին «Առավոտի» «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի հերթական թողարկման ժամանակ հայտարարեց Գևորգ Մելքոնյանը, ով այսօր բանավիճում էր Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանի հետ:
Երբ բանավեճը վարող մեկնաբանը նկատեց, որ նրանք էլ սիրում են Գևորգ Մելքոնյանին և այսպիսով, պարզաբանում խնդրեց՝ երեկ Գևորգ Մելքոնյանի հայտարարությունների վերաբերյալ (վերջինս, դասադուլավորների «Մենք ձեզ սիրում ենք» կոչին պատասխանել էր «Մենք էլ ձեզ ենք սիրում, բայց միայն աղջիկներին»), ռեկտորի օգնականը բացատրեց, թե իրեն «ասացին, թե տղաները ձեզ սիրո՞ւմ են, ասացի՝ տղաները ձեզ չեն սիրում»:
Ապա ԵՊՀ ռեկտորի օգնականը մեղադրեց իր ընդդիմախոսին, որ երեկ ինչ-որ աղջիկներ դասադուլին դեմ արտահայտվող ուսանողներին ամերիկյան միջին մատի կոմբինացիա են ցույց տվել, ասել են՝ «ձեր կերած մայրական կաթը…» , ինչից հետո էլ նրանց թուրքերենով ասվել է ս…:
Երբ Դանիել Իոնիսյանը առաջարկեց այս մասին փաստեր ներկայացնել, վերջինս ասաց, որ կա տեսանյութ, որը կցուցադրեն ավելի ուշ՝ հիմա մոնտաժ են անում:
Ապա Դանիել Իոնիսյանը հայտարարեց, որ «Հանրապետական» կուսակցությունը բոլոր բուհերում անում է կուսակցական «վերբովկա», բայց չի ցանկանում, որ որևէ բան քաղաքականացվի:
Գևորգ Մելքոնյանը հերքեց այս տեղեկատվությունը, սակայն հրաժարվեց ներկայացնել տեղեկատվություն, թե բուհի ուսխորհրդի նախագահներից քանիսն են ոչ հանրապետական («հատուկենտ»,-նկատեց Դանիել Իոնիսյանը):
Նա հերքեց նաև իր ընդդիմախոսի այն տեղեկատվությունը, որ 2007 թվականին հանրապետական ինչ-որ միջոցառման ժամանակ կազմակերպվել էր համահամալսարանական դասադուլ, որպեսզի «ողջ համալսարանը գնար Սերժ Սարգսյանին նամակ հանձնելու:
Գևորգ Մելքոնյանի «ոչ»-երին Իոնիսյանը պատասխանեց՝ «հենց ըտենց էլ եղել է»:
Երբ Գևորգ Մելքոնյանը փորձեց որպես պատմաբան հիմնավորել, թե դա այդպես չէ, գիտաշխատողը վրդովվեց և հարցրեց՝«որ ասում ես պատմաբան՝ քանի՞ միջազգային գրախոսվող ամսագրում հոդված ունես»:
Պարզվեց, որ ընդհանուր 60, բայց միջազգային՝ 1:
Ապա բանավեճը ծավալվեց ԵՊՀ ռեկտորի անձի շուրջ, որին Իոնիսյանն անվանեց՝ տնտեսվար, և նրա օգնականը խնդրեց հարգանքով խոսել ԳԱԱ թղթակից անդամի մասին:










