Փոփոխություններ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեակատարողական օրենսգրքերում
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու որոշումը։
Ներկայացնելով հարցը՝ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանն ասաց, որ սույն փոփոխություններ ելնում են արդար դատաքննության անցկացման անհրաժեշտությունից` պայմանավորված արտագնա դատական նիստերի անցկացման հետ։
Նրա խոսքով՝ հարցեր են առաջանում հատկապես քրեակատարողական հաստատություններում արդար դատավարության հետ կապված:
Բացի այդ, Գրիգոր Մուրադյանը նշեց, որ Արդարադատության նախարարությանը պետք է հատկացվի 42,550 հազար եվրո գումար` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում չորս դատավարությունների հետ կապված խնդիրները լուծելու համար:
Ըստ Գրիգոր Մուրադյանի՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար մի շարք նախադեպերի հիման վրա արդեն օրենսդրական կարգավորում են ստացել մինչ այդ օրենսգրքում բացակայող դրույթներ:
«Օրինակ, «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» գործով, վերանայվել են կալանքի ժամկետների հետ կապված հարցեր, գաղտնալսման հետ կապված հարցեր և այլ խնդիրներ, որոնք իրենց տեղը արդեն գտել են Քրեակատարողական օրենսգրքի նախագծում, որը ընդունվելու դեպքում այլևս նման խնդիրներ չեն առաջանա»,- ասաց նա։
Վարչապետը հետաքրքրվեց, արդյոք այդ գործողությունները բավարա՞ր են ապագայում նման խնդիրներից խուսափելու համար, որին ի պատասխան Գրիգոր Մուրադյանն ասաց, որ մնացած դեպքերում ամբողջությամբ վերանայվել են Քրեական օրենսգրքի նոր նախագծում:










