ԱՄՆ-ն մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը ՀՀՊ հարցով. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցով: Այդ հարցով դեռևս առաջընթաց չկա, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելլը, հաղորդում է РИА Новости:
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը հակահրթիռային պաշտպանության հարցով, մենք կարևոր ենք համարում երկխոսության շարունակումը», - ասել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը:
Նա նաև հաստատել է, որ ՀՀՊ թեման, ի թիվս այլի, քննարկվել է ԱՄՆ և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` Ջոն Քերրիի և Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում:
«Սակայն հանդիպման առանցքային հարցը Սիրիան էր», - նշել է Վենտրելլը:
Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են համագործակցել ԵվրոՀՀՊ-ի նախագծի 2010թ. Լիսաբոնյան գագաթաժողովին, սակայն բանակցությունները փակուղի են մտել ԱՄՆ-ի՝ իրավական երաշխիքներ տրամադրելուց հրաժարվելու համար:
Ներկայում, ԱՄՆ-ի՝ Եվրոպայում ՀՀՊ համակարգեր ստեղծելու նախագծերը ամերիկա-ռուսական հարաբերություններում լարվածության առանցքային պատճառներից են համարվում:










