Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում շուտով կհատի 1 մլն-ի սահմանը
Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում հասել է 940.000-ի, տեղեկացնում է է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Տվյալները Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ընթացքում հայտարարել է կառույցի՝ փախստականների հարցերով հանձնակատար Անտոնիո Գուտերեշը։
Նա նախազգուշացրել է, որ Սիրիայում եկել է «ճշմարտության ժամը»՝ կոչ անելով միջազգային հանրությանը թույլ չտալ, որպեսզի իրավիճակը շարունակի վատթարանալ։
«Հումանիտար իրավիճակն այնքան վատ է, որ դժվար է նկարագրել բառերով։ Փախստականների թիվն աճում է ապշեցուցիչ արագությամբ՝ ամիս առ ամիս»,-ասել է բարձրագույն հանձնակատարը։
Որպես օրինակ՝ նա նշել է, որ 2012թ.-ի ապրիլին՝ ճգնաժամի սկզբից մեկ տարի անց, սիրիացի փախստականների թիվը հարևան պետություններում կազմել է 33.000 մարդ, իսկ այս տարվա հունվարից ամեն շաբաթ սահմանը հատում է 40.000 մարդ։
Նրանցից շատերն ապաստան են գտնում Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում և Իրաքում։
Գուտերեշն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս թվերը ոչինչ չեն ասում հանրապետության ներսում մարդկանց կրած չարչարանքների մասին, որտեղ 4 մլն մարդ ստիպված է եղել թողնել տունը։










